ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Գազայում գենոցիդ է

Գազայում գենոցիդ է
03.04.2025 | 16:39

Իսրայելական զինվորականները, խախտելով հունվարին «Համասի» հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, Գազայում վերսկսեցին իրենց լայնածավալ հարձակումները:

Համաձայն Պաղեստինի առողջապահության նախարարության և «Յունիսեֆի» տվյալների՝ մարտի 18-ից ի վեր սպանվել է ավելի քան 1 000 պաղեստինցի:

Միայն մարտի 18-ին Գազայի վրա օդային հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան 322 անձ, վիրավորվել՝ 609-ը:

Մարտի 30-ին, ՈՒրազ-Բայրամի առաջին օրը (այն նաև հայտնի է որպես՝ Էյդ ալ-Ֆիթր իսլամական տոն, որը նշվում է որպես Ռամադանի ավարտի խորհրդանիշ և համարվում է ուրախության, համերաշխության, շնորհակալության և բարեգործության օր) իսրայելական օդային հարվածի արդյունքում սպանվեց առնվազն 15 պաղեստինցի երեխա, որոնք խաղում էին Գազայի՝ Հան-Յունուսի համայնքում:

Ընդ որում, այդ տարածքն իսրայելական զինվորականների կողմից նախապես հայտարարվել էր որպես «ապահով մարդասիրական գոտի»:

Սպանդի պատճառը՝ նրանց հայրերը համագործակցել կամ օգնել են «Համասին»:

Իսրայելը նաև արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ սովամահ անելով հազարավոր մարդկանց:

Իսրայելի բանակը, շարունակելով օդային հարվածները Գազայի հատվածում, թիրախավորել է նաև Ռաֆահի բնակելի թաղամասերը՝ պահանջելով մի քանի թաղամասերի բնակիչներից տարհանվել:

Իսկ այսօր առավոտյան, իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը հասցվել է ՄԱԿ-ի՝ «ԲԱՊՈՐ» բժշկական կենտրոնին Գազայի Ջաբալիայի ճամբարում, որտեղ տեղակայված էին տեղափոխված ընտանիքներ, զոհվել է 19 պաղեստինցի, այդ թվում՝ 9 երեխա։

Ռաֆահում հայտնաբերվել է նաև Իսրայելի կողմից սպանված 15 պաղեստինցի շտապօգնության աշխատակիցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակցի մարմինները։

Նրանք անհետ կորել էին մարտի 23-ին, երբ փորձում էին օգնություն ցույց տալ իսրայելական օդային հարվածի հետևանքով տուժածներին։

Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել տրանսպորտային միջոցների վրա, որոնք, իբր օգտագործվում էին զինյալների կողմից։

Դեպքի վայր մուտքն արգելափակված է եղել մեկ շաբաթ, ինչի հետևանքով որոնողական աշխատանքները հետաձգվել են։

Մարտի 31-ին դիերը դուրս են բերվել և հաջորդ օրը հողին հանձնվել։

Կարմիր մահիկն այս ողբերգությունը համարել է իր վերջին տասնամյակի ամենածանր կորուստը։

ՄԱԿ-ը և այլ հումանիտար կազմակերպություններ պահանջել են հետաքննություն անցկացնել։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի բանակը Գազայի վրա ավելի քան 100 000 տոննա պայթուցիկ նյութեր է նետել։ Էքսկլավի ենթակառուցվածքների և շենքերի շուրջ 88%-ը ոչնչացվել կամ վնասվել է։

Այն այսօր Մերձավոր Արևելքի «Հերոսիման» է:

Զոհվել է մոտ 50 000 պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

110 000 ստացել են տարբեր աստիճանի վիրավորում:

Այս թվերն անդադար ու ամենօրյա ռեժիմով աճում են, և այն կասեցնող չկա:

Վայրագությունների փաստը հավաստող հազարավոր ահասարսուռ տեսագրություններ, լուսանկարներ ու տեսարաններ կան համացանցում։

Իսկ աշխարհը լուռ է:

Այս անբարոյական աշխարհն իր «ամպլուայի» մեջ է.

ապատիան ու կեղծավորությունը ժամանակակից աշխարհի դեմքն է։

Հին աշխարհակարգը փլուզվում է, իսկ նորը ցույց է տալիս, որ ով թույլ ու տկար է՝ նրան կոտորում են, ով խանգարում է՝ նրան լիկվիդացնում են:

Եթե դու անկազմակերպ, անզեն ու պայքարելու անընդունակ ժողովուրդ ես, ուրեմն քեզ հանգիստ կարող են կոտորել նաև 21-րդ դարում և աշխարհը կլռի, օրեր անց էլ՝ կմոռանա:

21-րդ դարում ևս ջունգլիների օրենքն է գործում` ուժեղի մոտ թույլն ու տկարն է մեղավոր:

Աշխարհը թքած ունի մարդային կյանքերի վրա:

Դրանք արժեք չունեն:

Սա ևս մեկ խոսուն փաստ է, որ գերտերությունները թքած ունեն փոքր ազգերի վրա և շարժվում են բացառապես իրենց շահերով:

Սա ևս մեկ ցուցիչ է, որ միջազգային վերպետական կառույցներն անկենսունակ են ու իմպոտենտ:

Արցախի էթնիկ զտման, Սիրիայում՝ Ալավիների ցեղասպանության վրա աչք փակող աշխարհը, առանց տրտմելու աչք կփակի Գազայում դեռևս 2023 թվականից տեղի ունեցող ու առ այսօր շարունակվող, ապագայում էլ տեղի ունենալիք մասսայական կոտորածների ու ցեղասպանությունների վրա:

Դրանք կմնան անհետևանք:

Սա է այսօրվա դաժան իրականությունը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5447

Մեկնաբանություններ